17 12 2020

«Կարճ ասած»․Իշխանությունը պահում եք, որ ի՞նչ անեք, ասեք` հասկանանք



Երբ Փաշինյան Նիկոլն Արցախը հանձնեց թշնամուն, շատերը դուրս եկան փողոց ու մինչև հիմա մնացել են այնտեղ, շարունակում են հրաժարական պահանջել։ Մարդիկ մեկնաբանում են այսպես՝ քանի սա կա, Արցախով չեն վերջացնի։ Պետք է հեռացնենք, բերենք նոր բանակցող, հնարավոր է, որ բան փոխի։ Որոշները նստեցին տեղները։ Խնդրեմ, Կապանում լարված վիճակ է, արդեն ոչ թե Ադրբեջանը, այլ մեր ՊՆ-ն է հրահանգ տվել մեկ օրում ազատել Կապանի կարևոր դիրքերը, հանձնում ենք թշնամուն։ Կապանից մեկ կիլոմետր հեռու թուրքերն են լինելու, վերահսկելու են մեզ: Հայկական գյուղ տանող ճանապարհներ են բաժին ընկնում թշնամուն։ Բանակցությունների՞ հարց էր․ միանշանակ․ ձախողեցի՞ն․ ավելի ճիշտ՝ չբանակցեցին, չկարողացա՛ն, կամ չուզեցին։ Կային մարդիկ, որ ասում էին՝ Նիկոլը 25 հազար զինվորի կյանք փրկեց։ Նիկոլն էլ էր դա ասում՝ ուղղակի թվերը փոխելով։ Չէ, ժողովուրդ, ոչ մեկին չի փրկել, ձեզանից, մեզանից ոչ մեկին չի փրկել։ Դեռ չե՞ք տեսնում ձեր քթի տակ թշնամուն, եկել-հասել է մեր տներին։  Բա, այդպես է լինում։ Հիմա, սրանց չքշենք, Սյունիքից հետո Վայոց Ձորն է, հետո Գեղարքունիքը, հետո էլ Տավուշը։

Անհնար է չնկատել այս դեպրեսիան, որի մեջ գտնվում են թե՛ հանրությունը, թե՛ իշխանությունը։ Հանրությունը անտրամադիր է, որովհետև հասկանում է, որ այսքան ժամանակ խաբվել է, ամեն տուն հարազատի զոհ ունի կամ անհետ կորած ունի, հայրենիք են տվել թշնամուն և այլն։ Իսկ ինչո՞ւ է անտրամադիր իշխանությունը։ Որովհետև հողը ոտքերի տակից փախչում է, որովհետև իշխանություն ունեն միայն դե յուրե։ Ամենաթանկն է կորցնում՝ աթոռն է կորցնում ու պատկերացնում եք, վախը պատել է։ Ու շարունակում է ճանկռելով պահել վարչապետի պոստը, ծրագրեր է մտածում մնալու համար կամ ներսից այլ թեկնածուի փոխանցելու համար։ Նիկոլ Փաշինյանի համար հիմա սաստիկ դժվար է ընդդիմությանը զիջել։ Ու ասեմ, թե ինչու։ Ըստ դրա, կարող ենք եզրակացնել, որ դավադրություններ կան այս չարաբաստիկ 2,5 տարվա ընթացքում, հայրենիքին, ժողովրդին, պետությանը ճզմելու, քամելու, աղքատացնելու, թշնամուն տալու մութ պատմություններ։ Բա որ բացահայտվե՞ն, իսկ հենց ընդդիմությունը եկավ, բացահայտվելու է անկասկած։ Պետք է գնա իշխանությունը, որ դրանք բացահայտվեն։ Դրա համար էլ այսպես դիմադրում են, ուզում են ամենակրիտիկական պահին, եթե Նիկոլ Փաշինյանը էլ չձգի, գա Նիկոլ 2, որ էլի հնարավոր լինի պահել, չբացահայտել իրականությունը։

Օրինակ, մտածում են, որ, ասենք, այնպես անեն, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինի Տիգրան Ավինյանը։ Բայց իմաստը անհասկանալի է, որովհետև ստացվում է՝ դեմքի տեղափոխություն, որի վրա անմիջապես դրոշմվում է նույն դավաճանության պիտակը։ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնի մնալու մոտիվացիան հասկանում եմ՝ պաշտոնի պահպանումը նրա միակ անվտանգության երաշխիքն է, մութ գործարքների չբացահայտում և այլն։ Ավինյանի կամ մյուսների, ով էլ որ այդ թիմից գա ու դարձնեն վարչապետ, մոտիվացիան չեմ հասկանում։ Պատերազմից առաջ հասկանում էի՝ կար պարգևավճար, ատկատ, պաշտոնից բխող հեղինակություն, ազդեցություն։ Պարզ չէ՞, որ հիմա, դրանք այլևս չեն լինելու։ Քանդած, պարտված, բռնաբարված պետություն եք դուք այս պահին թողնում․ հիմա նոր վարչապետը բախվելու է անխուսափելի խնդիրների հետ՝ գերիների ծնողները նոր վարչապետի դուռը ջարդելու են, անհետ կորածների ծնողները դուռը ջարդելու են, տուն չունեցողները, չէ, ավելի ճիշտ՝ ձեր պատճառով տներից զրկվածները, գերեզման թողածները ձեր դռները ջարդելու են, Հայաստանում անտուն մնացածներն էլ են դռները ջարդելու։ Այո, սահմանամերձ շրջաններում մարդիկ ապրում են հողագործությամբ ու անասնապահությամ, դուք գյուղերին զրկել եք հողերից, օրինակ՝ Սյունիքում, էդ մարդիկ ո՞նց ապրեն․ գալու են դուռդ, չեն բողոքելու՝ ջարդելու են։ Վաղը կառավարությունը թոշակ չի կարողանալու տալ, պետհիմնարկներում աշխատավարձ չի կարողանալու վճարել, փող չկա, տնտեսությունը գահավիժել է։ Հույսը արտաքին պարտքն էր, դա էլ տվող չկա, լինի էլ՝ էդքան չի տա։ Մինչև մի բան մտածեք՝ ոնց, ինչ անեք, համը դուրս կգա։ Էս բեռի տակ է մտնելու Նիկոլի թիմի որևէ անդա՞մ։ Կասկածում եմ։ Լավ, ասենք մտավ, կկարողանա՞ տակից դուրս գալ։ Միանշանակ է՝ ո՛չ։ Ու մտնելու եք անընդհատ մի անկարողին մյուսով փոխելու փուլ։ Բայց չեք հաջողելու, որովհետև եթե կարողանայիք, էս օրին չէինք հասնի։ Սերժը ձեզ հանձնել էր զարգացող երկիր, դա վարի տվեցիք, ձեր վարի տվածը ոնց ե՞ք խելքի բերելու։ Ու ինձ զարմացնում է մնալու, ձեր պայքարելու միամիտ մղումը։

Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից ու հայտարարում է, թե՝ «Իմ հաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է»։ Նախ ժողովրդի մասին դուք երբեք էլ չեք մտածել։ Ժողովրդի մասին մտածելո՞վ էիք Արցախի բնակավայրերը առանց մի կրակոցի հանձնում Ադրբեջանին։ Ժողովրդի մասին մտածելո՞վ էիք, ընտանյոք հանդերձ կոչ անում, գնալ իբր հաղթելու, իսկ իրականում՝ մեռնելու, առանց կռիվ տալու, թուրքական Բայրաքթարների տակ։ Հերի՛ք է, ոչխարի տեղ դնեք, մարդկանց։ Ժողովուրդը Նիկոլի իշխանության օրոք երբեք չի ունեցել իշխանություն, ունեցել է ելույթների ու ստերի մակարդակով։ Ո՞ր հարցն է մեր երկրում լուծվել ժողովրդի ցանկությամբ, կամ ի շահ։ Ոչ մի։ 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, մայիսի 15-ից սկսած մեր երկրում բողոքի ցույցեր են սկսել՝ սկսած կաթի գնից, ակցիզային հարկից, մինչև փայտահատներ, Ամուլսար ու մյուսները։ Ամեն ինչ, մինչև կապիտուլյացիան ներառյալ՝ արվել է ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունը անխնա շահարկելով։ Սխալ ե՞մ ասում։ Այդ ո՞ր մեկիդ կյանքն է լավացել, բացի ՔՊ-ականներից։

Այնքան է խաբել, ու կուրորեն հավատացել են իրեն, որ Նիկոլը չի պատկերացնում, որ կարող է այս ժողովուրդը հայրենիքի համար ցույց անել։ Այ այդ մեկը չի հասկանում։ Նա չի հասկանում, որ էսօրվա ցույցը իշխանության համար չէ, այլ՝ հայրենիքը ծախողի դեմ է, չի հասկանում, որովհետև ինքը պայքարում է և միշտ պայքարել է միմիայն իշխանության համար։ Ինչ վերաբերում է «էլիտաների բունտ» ասածին, թվարկեմ՝ զույգ կաթողիկոսները, 600-ից ավելի փաստաբանները, համալսարանները, հարյուրավոր բժիշկներ, դոկտոր պրոֆեսորներ, գիտությունների ակադեմիան, նախկին զինվորականներ, անվտանգության սպաներ, երիտասարդությունը, երաժիշտները, մարզիկները, բա էդ բոլորը ազգի էլիտան են, առաջնորդող ուժը։ Նրանք հրաժարական են պահանջում։ Ճիշտ եք ասում, պարոն Նիկոլ, փողոց է դուրս եկել ազգի էլիտան։ Իսկ ո՞վ է խոսում իշխանության օգտին, 5 հազար դրամով ազատամարտիկ ներկայացողները, որոշ թվով զոմբիներ, մարդիկ, որոնք չեն ուզում ու չեն կարող իրենց սխալը ընդունել և մի քանի քաղաքական գործիչ, որոնց ժամանակի փոշին է բերել։

Կողքից իշխանությունը դարձյալ արևմտյան ինչ-որ խաղեր է տալիս՝ մտածելով միգուցե այդ ձևով իշխանություն պահել ստացվի։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում արևմտյան կողմնորոշում ունեցող մի քանի մարդ-կուսակցությունների ղեկավարների հետ։ Կրկնում եմ՝ բոլորը արևմտամետ են և հակառուս, մի մասը՝ ընդգծված հակառուս։ Այսինքն, չի բացառվում, որ այս իշխանության հովանավորները հիմա էլ նպատակ ունեն վարչապետ դարձնել Արարատ Միրզոյանին, որը վստահաբար կանի այն, ինչ կթելադրեն։ Հանրային հեռուստաընկերության վերջին մեկ ամսվա հյուրերի ցանկը նայեք՝ Էդմոն Մարուքյան, Սուրեն Սահակյան, Անդրանիկ Քոչարյան, Հայկակ Արշամյան, Արամ Սարգսյան, Ժիրայր Սեֆիլյան։ Հատկապես վերջինս ոչ միայն հակառուս է, այլև տեռորիստական խմբավորման պարագլուխ, խմբի ղեկավար, ովքեր մտան ոստիկանության ՊՊԾ գունդ, ու սպանվեցին ոստիկաններ։ Կասկածում եմ, որ Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի, Գուրգեն Արսենյանի, «Ժառանգության» իբր թե քաղաքական ինչ-որ համախմբման արդյունքում կարողանա հեռուն գնալ, բայց դե խեղդվող իշխանությունը կարող է մի վերջին անգամ էլ ձեռք գցել փրփուրներից, մի քանիսին էլ հետը տանել։

Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, փաստացի՝ Հայաստանինը ևս։ Միայն անմեղսունակը չի հասկանա դա։ Բա հիմա ինչո՞ւ եք խաղեր տալիս։ Էդքան թանկ է՞ էդ անիծված իշխանությունը։ Մի անգամ արևմուտքը ձեզ լավ քաշեց, ու նրանց միակ օգնությունը եղավ այն, որ ձեր բոլոր սրիկայությունների վրա աչք էր փակում, որոնք մյուս դեպքերում կհամարեր մարդկության դեմ հանցագործություն։ Դուք չե՞ք հասկանում, որ մեր երկիրն այս վիճակին է, որովհետև մի անգամ փորձեցիք 10 լարի վրա փահլևանություն անել։ Ռուսին ֆռացնեմ, Ամերիկային պահանջեմ հաշվի նստի մեր հեղափոխության հետ, Բրյուսելի վրա գոռամ՝ շատ փող տա․․․ ու էդ քաղաքականության արդյունքում Հայաստանի անվտանգությունը հասցրեցիք զրոյի, իսկ Արցախը հանձնեցիք։ Տարի ու երկու ամիս է, ինչ Հայաստանի վարչապետը ամեն կերպ փորձում է հանդիպել Ռուսաստանի նախագահին՝ իր անվտանգության երաշխավորին, իր ռազմավարական գործընկերոջը ու մերժվում է։ Հիմա մի հատ էլ ուրիշ մեկին ընտրեք, էլի ընկնեք հանդիպում մուրալո՞ւ։ Պատկերացնո՞ւմ եք նման բան։

Կարճ ասած՝ բոլոր փորձերը՝ իշխանությունը պահելու, անիմաստ են, ու ձախողվելու են։ Ոչ մի զարտուղի ճանապարհով ի վիճակի չեք լինելու պահել։ Կարող եք մի քիչ ձգել, բայց այդ դեպքում դուք կխեղդվեք ձեր ստեղծած խնդիրների ու ատելության մեջ։ Գնացեք, հեռացեք, էն կոմպրոմիսը, որ կարող եք այսօր ունենալ՝ գնալով պահպանել որոշ բաներ, վաղը ձեզանից ոչ մեկի հետ այլևս կոմպրոմիս չի լինելու, ոչ մի հարցի շուրջ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ